Ակնեից տառապող չափահասներն առավել ենթակա են սննդային խանգարումներ զարգացնելու ռիսկին. JEADV 

2 մայիսի, 2025  01:36

Journal of the European Academy of Dermatology and Venereology բժշկագիտական հանդեսում հրապարակված նոր հետազոտությունը ցույց է տվել, որ ակնե տառապող չափահասներն առավել ենթակա են սննդային խանգարումներ զարգացնելու ռիսկին։

Գիտնականները պնդում են, որ ակնեն կարող է մեծացնել արտաքինի հետ կապված անհանգստությունը՝ հանգեցնելով վնասակար մտքերի և վարքագծերի, ինչպիսին են մարմնի չափսերի նկատմամբ կպչուն մտքերը և սննդի ընդունման սահմանափակումը։

Գիտնականները վերլուծել են ակնեից տառապող 18 տարեկան և բարձր մոտ 7400 բուժառուների տվյալները՝ համեմատելով դրանք այդ հիվանդությունից զերծ ավելի քան 207 հազար մարդկանց տվյալների հետ։ Ըստ արդյունքների՝ ակնեից տառապող բուժառուների շրջանում սննդային խանգարում ունենալու հավանականությունը 2,4 անգամ ավելի էր։

Նույնիսկ անհանգստության, դեպրեսիային կամ մարմնի կերպարին առնչվող խնդիրներով հիվանդության պատմությունը հաշվի առնելուց հետո, ակնեից տառապողները 65%-ով սննդային խանգարումներ զարգացնելու ավելի բարձր ռիսկ ունեին։

«Մեր արդյունքները կօգնեն ակնեից տառապող մարդկանց խնամող բժիշկներին զգոն լինել սննդային խանգարումների նշանների նկատմամբ և բուժառուներին համալիր և համապարփակ խնամք տրամադրել»,-հայտարարել են հետազոտության հեղինակները։

Նրանք նշել են, որ չնայած հետազոտությունն անցկացվել է 18 տարեկան և բարձր մարդկանց շրջանում, թե՛ ակնեն, թե՛ սննդային խանգարումները մեծ ազդեցություն ունեն դեռահասների վրա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում